Բարձր ջերմությունը երեխաների մոտ հաճախ շատ վախեցնում է ծնողներին, հատկապես երբ այն բարձրանում է փոքրիկների մոտ։ Թվում է, թե ինչ-որ վտանգավոր բան է տեղի ունենում։ Հաճախ ծնողները խուճապահար շտապ օգնություն են կանչում, ինչը կարող է բերել երեխայի համար ավելորդ և ցավոտ միջամտությունների։
Արդյո՞ք ջերմությունը այդքան վտանգավոր է։ Փորձենք հասկանալ։
Փոքր երեխաները հաճախ են հիվանդանում․ այսպես նրանց իմունային համակարգը «ծանոթանում» է շրջակա միջավայրին։ Վարակիչ հիվանդությունների մեծ մասը բաժին են ընկնում սովորական շնչառական վիրուսային վարակներին։ Հաճախ հանդիպում են նաև վիրուսային գաստրոէնտերիտներ (այն, ինչ առօրյայում անվանում են «ռոտավիրուս», թեև փսխում և լուծ առաջացնող հարուցիչները բազմաթիվ են)։ Համարվում է, որ մանկապարտեզ հաճախող երեխայի մոտ տարեկան 8-10 ՍՇՎ-ների դեպքը նորմալ է, հատկապես եթե դրանք չեն բարդանում բակտերիալ վարակներով։
Ամենից հաճախ ՍՇՎ-ն ընթանում է քթահոսությամբ, հազով և ընդհանուր թուլությամբ։ Սակայն երբեմն հիվանդության առաջին օրերին երեխայի մոտ կարող է բարձրանալ ջերմաստիճանը, նույնիսկ բավական բարձր թվերի, և սա նույնպես նորմալ է։
Ե՞րբ է պետք իջեցնել ջերմությունը
Ջերմությունը օրգանիզմի պաշտպանական ռեակցիա է։ Ջերմության ֆոնին ակտիվանում է բնածին իմունիտետի գործոնների արտադրությունը (ինտերֆերոն և այլն), ինչը օգնում է ավելի արագ հաղթահարել հիվանդությունը։ Միևնույն ժամանակ հայտնի է, որ այն այնքան վտանգավոր չէ, ինչպես նախկինում էր համարվում․ մինչև 40.5°C ջերմաստիճանի դեպքում նյարդային համակարգի վնասում չի առաջանում։
Ֆեբրիլ ցնցումները առաջանում են նախատրամադրվածություն ունեցող երեխաների մոտ և կարող են լինել ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում ևս։ Թեև դրանք շատ վախեցնող են, իրական վտանգ չեն ներկայացնում։
Բարձր ջերմության հիմնական վտանգը ջրազրկումն է, քանի որ օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ՝ շնչառության և քրտնարտադրության միջոցով։ Բացի այդ, բարձր ջերմությունը երեխային պատճառում է արտահայտված անհարմարություն։
Այսպիսով, ջերմաստիճանը իջեցնելու մեր հիմնական նպատակը՝ թեթևացնել երեխայի վիճակը և կանխել ջրազրկումը։Հիմնական չափանիշը երեխայի ինքնազգացողությունն է։Եթե 38.5°C ջերմության դեպքում երեխան իրեն համեմատաբար լավ է զգում, չկա դող, կարող է խաղալ կամ մուլտֆիլմ դիտել, պարտադիր չէ այն իջեցնել։Պարտադիր չէ նաև ջերմությունը իջեցնել մինչև նորմա։ Կարելի է հասնել «հարմարավետ» մակարդակի (օրինակ՝ 37.5–38°C)՝ չգերազանցելով դեղերի թույլատրելի դոզաները։Միաժամանակ պարտադիր պայման է բավարար հեղուկի ընդունումը՝ ջրազրկումից խուսափելու համար։
Ինչպե՞ս իջեցնել ջերմաստիճանը
Ցավոք, լայն տարածում ունի պարացետամոլի և իբուպրոֆենի հերթափոխային կիրառումը կամ դրանց համակցված դեղերի օգտագործումը (օրինակ՝ իբուկլին)։Սա անվտանգ մոտեցում չէ, քանի որ այդ դեղերի միաժամանակ առկայությունը արյան մեջ բարձրացնում է երիկամների վրա տոքսիկ ազդեցության ռիսկը։
Ավելի անվտանգ է օգտագործել դրանցից մեկը՝ համապատասխան մեկանգամյա և օրական դոզաներով և պահպանելով ընդունման միջակայքերը (6–8 ժամ)
Իբուպրոֆենի համար առավելագույն միանգամյա դոզան ՝ 10 մգ/կգ (մինչև 40 մգ/կգ/օր)/, պարացետամոլինը՝ 15–20 մգ/կգ (մինչև 75 մգ/կգ/օր)։ Կարևոր է հիշել, որ «մգ»-ը և «մլ»-ը նույնը չեն, և դոզայի հաշվարկի համար պետք է խորհրդակցել մանկաբույժի հետ։
Երբեմն դեղի անարդյունավետությունը կապված է ոչ թե դեղի, այլ անբավարար դոզայի հետ, և ծնողները մտածում են որ դեղը չի օգնում։
Ջերմության բարձրացման ժամանակ երեխայի ձեռքերը և ոտքերը կարող են սառը լինել, առաջանալ դող։ Դեղը ընդունելուց հետո այն սկսում է գործել մոտ 20–30 րոպե անց, ջերմաստիճանի աճը դադարում է, հետո այն աստիճանաբար իջնում է, և վերջույթները տաքանում են։Պետք չէ անհանգստանալ, եթե դեղը տալուց հետո ջերմությունը դեռ որոշ ժամանակ բարձրանում է - անհրաժեշտ է ժամանակ տալ դեղին։Առավելագույն ազդեցությունը սովորաբար նկատվում է մոտ 2 ժամ անց, իսկ ազդեցության տևողությունը՝ 6–8 ժամ։
Եթե ջերմությունը շատ բարձր է և երեխային արտահայտված անհարմարություն է պատճառում, կարելի է կիրառել նաև ֆիզիկական սառեցման մեթոդներ:
Դրանք արդյունավետ են, երբ ջերմաստիճանը արդեն հասել է «պլատոյի» և այլևս չի բարձրանում։
Չի կարելի օգտագործել քացախ կամ սպիրտ պարունակող լուծույթներ՝ մարմինը շփելու համար - դա կարող է առաջացնել թունավորում։
Կարմիր դրոշակներ (երբ անհանգստանալ)
Մի քանի բան կարմիր դրոշակների մասին։
Տարածված միֆին հակառակ՝ վիրուսային վարակների դեպքում բարձր ջերմությունը կարող է պահպանվել 3 օրից ավելի։Հիմնական լավ նշանը՝ջերմության իջնելուց հետո երեխան աշխուժանում է, խաղում է, հետաքրքրված է շրջապատով, կարող է ուտել։
Եթե նույնիսկ ջերմությունը իջնելուց հետո երեխան թուլացած է, չի խաղում, հրաժարվում է սննդից - դա ինտոքսիկացիայի նշան է և անհրաժեշտ է բժշկի զննում՝ բակտերիալ բարդությունները բացառելու համար։ Անհապաղ բժշկի դիմելու ցուցումներ՝գիտակցության խանգարում, ոչ ադեկվատ վարք։
Պետք է բժշկի դիմել նաև, եթե՝առաջանում է ցան (հատկապես պետք է զննել նաև տակդիրի և գուլպաների տակ գտնվող հատվածները),ուժեղ գլխացավ կա կամ կայուն ցավ այլ տեղակայմամբԵթե ծնողին թվում է, որ երեխայի հետ «ինչ-որ բան այնպես չէ», նույնիսկ հստակ պատճառ չկարողանալով ձևակերպել - նույնպես ավելի լավ է դիմել բժշկի(երբեմն մայրիկի ինտուիցիան ավելի լավ է աշխատում, քան ցանկացած անալիզ)։
Մինչև 1 տարեկան երեխաներին բարձր ջերմության դեպքում ցանկալի է ցույց տալ բժշկին առաջին 24 ժամվա ընթացքում, քանի որ այս տարիքում վիճակի վատացումը կարող է արագ զարգանալ։
Պետք է հիշել նաև, որ կան ոչ վարակային պատճառներով ջերմություններ, թեև դրանք ավելի հազվադեպ են հանդիպում։ Եթե ջերմությունը պահպանվում է մի քանի օր առանց ակնհայտ պատճառի՝ անհրաժեշտ է մանկաբույժի խորհրդատվություն։
Մաղթում եմ Ձեզ և Ձեր փոքրիկին առողջություն։