Ռևմատոլոգը մասնագետ է, որը զբաղվում է հոդերի բորբոքային հիվանդություններով (արթրիտներ), անոթների բորբոքային հիվանդություններով (վասկուլիտներ) և շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարումներով։ Այս հիվանդությունների կլինիկական դրսևորումները շատ բազմազան են, այդ թվում՝ երեխաների մոտ, և կարող են նմանակել բազմաթիվ այլ հիվանդություններ։
Եթե Ձեր երեխայի մոտ նկատվում են հետևյալ ախտանշանները՝
• հոդացավեր, հոդերի արտաքին տեսքի փոփոխություն, քայլվածքի խանգարում
• երկարատև կամ պարբերաբար կրկնվող՝ անհասկանալի պատճառներով մարմնի ջերմաստիճանի բարձրացում
• անհասկանալի ցաներ մաշկի վրա (տարբեր բնույթի, այդ թվում՝ ակնեի ծանր դրսևորումներ), լուսազգայունություն (արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ ցանի ուժեղացում)
• մկանային թուլություն
• քաշի անհասկանալի կորուստ
• աչքերի պարբերաբար կրկնվող կարմրություն
• բերանի խոռոչում պարբերաբար կրկնվող խոցիկներ
• թոքերի կամ սրտի բորբոքային ախտահարումներ, որոնք հնարավոր չէ բացատրել վարակային պատճառներով
• անհասկանալի անեմիա կամ թրոմբոցիտների և/կամ լեյկոցիտների քանակի նվազում
Որպես կանոն, նշված ախտանշանների առկայության դեպքում մանկաբույժն ինքն է երեխային ուղղորդում մանկական ռևմատոլոգի մոտ։ Սակայն ծնողների համար նույնպես օգտակար է իմանալ, թե որ մասնագետը կարող է օգնել պարզել նման գանգատների պատճառները։
Մաղթում ենք Ձեզ և Ձեր փոքրիկին քաջառողջություն։
Բժիշկ՝ Ավանեսյան Ռուզաննա
Կլինիկա՝ «Չայկա» կլինիկա, Հայաստան
Ծառայություն՝ մանկաբույժի խորհրդատվություն