НՀավանաբար յուրաքանչյուր կին գիտի, թե ինչու է պետք այցելել գինեկոլոգի մոտ։ Միևնույն ժամանակ, ընդունելության ժամանակ հաճախ առաջանում է կարիք համակարգելու այն, թե ինչով, ընդհանուր առմամբ, զբաղվում է ժամանակակից գինեկոլոգիան, և ինչով կարող ենք մենք՝ գինեկոլոգներս, լինել օգտակար։
1 Ծննդաբերական ֆունկցիայի պահպանում կամ վերականգնում
Այստեղ ներառվում է ամեն ինչ, ինչ կարող է ապագայում խանգարել զավակ ունենալուն: Նպատակն է պահպանել բնականոն ֆունկցիան և բուժել առկա վիճակները, երբ հղիությունը չի սկսվում կամ չի պահպանվում։ Ինձ համար անձնական կարևոր փորձն այն է, որ ես երբեք չեմ սահմանում «անպտղություն» ախտորոշում։ Այսօր արդյունքների հասնելու հնարավորություններ կան գերակշռող մեծամասնության պարագաներում, և պացիենտների հոգեբանական հավատը արդյունքի հասանելիության մեջ չափազանց կարևոր է և գործընթացի էական մասն է։
2 Հղիության վարում
Սա մի փուլ է, որը մեծ մասամբ ուրախ, սակայն նաև հուզումնալից է ապագա մայրերի համար։ Չափազանց կարևոր է այս փուլում ունենալ բժշկի աջակցությունն ու հենարանը, որը, մի կողմից, չի սրում իրավիճակը, բայց մյուս կողմից, կօգնի ընտրություն կատարել և կպատմի առկա հնարավորությունների մասին, եթե իսկապես խնդիր առաջանա։
3 Ուռուցքաբանության կանխարգելում և վաղ հայտնաբերում
Այստեղ գործում են մշակված և համախմբված սքրինինգային մեթոդներ, որոնք պարբերաբար թարմացվում և հարստացվում են, ինչպես նաև ապացուցված արդյունավետությամբ կանխարգելիչ միջոցառումներ։ Մենք ուրախությամբ կկիսվենք այդ առաջարկություններով մեր պացիենտների հետ։
4 Կյանքի որակի պահպանում
Այս բաժինը վերաբերում է ժամանակակից հնարավորություններին՝ կյանքը ավելի հարմարավետ և բարենպաստ դարձնելու համար, և դա ժամանակակից բժշկության շատ կարևոր ձեռքբերում է։ Այստեղ առաջնահերթ կարելի է ներառել հակաբեղմնավորումը և ՆԴՀ-ի (Նախադաշտանային համախտանիշ) շտկումը ծննդաբերական տարիքում, փոխարինող հորմոնային թերապիան մենոպաուզայի շրջանում, սեռական կյանքի բավարարվածության հարցերը, ծննդաբերությունից հետո ֆիզիկական վերականգնումը և շատ ավելին։
Ժամանակակից գինեկոլոգիան ուղղված չէ անախտանիշ կանանց լայնածավալ հետազոտելուն ու ախտորոշումներ սահմանելուն, որոնք միայն նյարդայնացնում են պացիենտներին։ Այն նպատակ ունի առաջարկել բուժում կամ շտկում այն դեպքերում, երբ մենք հստակ գիտենք խնդրի նշանակությունը և ունենք դրա արդյունավետ լուծման հնարավորություն։
