Բլոգ

Տրամադրության տատանումներ

Երբ է անհրաժեշտ դիմել մասնագետի՞ն

Նատալյա Կոտովսկայա

Հոգեբույժ

Մեր կյանքում զգացմունքները կարևոր դեր են խաղում՝ դարձնելով աշխարհը ավելի հագեցած և աշխույժ։ Սակայն, երբ տրամադրությունը սկսում է չափազանց արագ փոփոխվել առանց ակնհայտ պատճառների, դա կարող է անհանգստության առիթ տալ։ Կարևոր է հասկանալ, թե երբ են այս տրամադրության տատանումները բնական արձագանք կյանքի իրադարձություններին, իսկ երբ կարող են լինել հոգեկան խանգարման նշան։

Երկբևեռ աֆեկտիվ խանգարում (ԵԱԽ)

ԵԱԽ-ը վիճակ է, երբ մարդը զգում է տրամադրության զգալի տատանումներ՝ մանիակալ փուլերից՝ բարձր էներգիայով և էյֆորիայով, մինչև խորը դեպրեսիաներ։ Այդ փուլերը սովորաբար տևում են մի քանի օր։ Կարևորն այն է, որ ԵԱԽ-ի դեպքում տրամադրության փոփոխությունները տեղի են ունենում ինքնաբուխ և միշտ կապված չեն արտաքին իրադարձությունների հետ։ Սա նշանակում է, որ մարդը կարող է զգալ խորը դեպրեսիա առանց ակնհայտ պատճառների կամ, հակառակը, չափազանց բարձր տրամադրություն։

Սահմանային անձնային խանգարում (ՍԱԽ)

Այս խանգարումով մարդիկ ունենում են ուժեղ զգացմունքային ապրումներ և տրամադրության անկայունություն, որոնք հաճախ պայմանավորված են կոնկրետ իրադարձություններով կամ հանգամանքներով։ Տրամադրության այս տատանումները կարող են ավելի կանխատեսելի լինել՝ համեմատած ԵԱԽ-ի հետ, սակայն կարող են լուրջ դժվարություններ առաջացնել առօրյա կյանքում, քանի որ սովորական իրավիճակների նկատմամբ արձագանքը կարող է լինել չափազանց զգացմունքային և կտրուկ։

Դեպրեսիա

Դեպրեսիայի դեպքում նևրաստենիկ ախտանշանը արտահայտվում է ուժեղ հոգնածությամբ, տրամադրության և էներգիայի անկմամբ, ինչպես նաև ամենօրյա խնդիրները հաղթահարելու կարողության նվազումով։ Տրամադրության տատանումները կարող են կապված լինել գերծանրաբեռնվածության զգացողության և սթրեսային իրավիճակներին ադեկվատ արձագանքելու անկարողության հետ։ Այս փոփոխությունները, չնայած որ կապված են արտաքին գործոնների հետ, հաճախ պայմանավորված են հոգնածության և սպառվածության ներքին վիճակով։

Երբ դիմել օգնության՞

Հաճախ, եթե տրամադրության պարբերական տատանումները անմիջապես կապված են որոշակի արտաքին իրադարձությունների հետ և բնականորեն նվազում են՝ առանց երկարատև դժվարություններ թողնելու և առանց ազդելու մեր ամենօրյա կյանքի գործունակության վրա, ապա դա պատճառ է դիմելու հոգեբանին, այլ ոչ թե հոգեբույժին։Հոգեբանական աջակցությունը նման դեպքերում ուղղված է սթրեսի հաղթահարման ռազմավարությունների մշակմանը, միջանձնային հաղորդակցման հմտությունների բարելավմանը և փոփոխություններին հարմարվելու աջակցությանը, ինչը մարդուն հնարավորություն է տալիս ոչ միայն հաղթահարել ընթացիկ հուզական դժվարությունները, այլև ամրապնդել իր հոգեբանական կայունությունը՝ ապագայում ավելի արդյունավետորեն դիմակայելու հնարավոր դժվարություններին։

Սակայն, եթե նկատում եք ձեր կամ ձեր հարազատների մոտ տրամադրության կտրուկ փոփոխություններ, որոնք խանգարում են առօրյա կյանքին, աշխատանքին և հարաբերություններին կամ սպառնում են կյանքի և առողջության, մի հապաղեք դիմել մասնագետի։ Հոգեկան առողջությունը պահանջում է նույնքան ուշադրություն, որքան ֆիզիկականը։ Ժամանակին հոգեբույժի դիմելը կօգնի ոչ միայն ճշգրիտ ախտորոշել վիճակը, այլև ընտրել առավել արդյունավետ բուժման մեթոդները, որոնք կարող են ներառել դեղորայքային թերապիա և հոգեթերապիա։

Հիշեք, որ մասնագիտական օգնություն ստանալը ուժի նշան է, ոչ թե թուլության։ Մեր հոգեբանական կայունությունը և կյանքի փոփոխություններին հարմարվելու կարողությունը կարևոր դեր են խաղում ընդհանուր բարեկեցության մեջ։ Մի թողեք, որ խարանն ու վախը խոչընդոտեն առողջ և երջանիկ կյանք ունենալու ճանապարհին։

Հեղինակի այլ հոդվածները

Skip to content