Երեխաների մոտ քթային արյունահոսությունները կարող են ծնողներին անհանգստացնել, սակայն դրանց մեծ մասը լուրջ վտանգ չեն ներկայացնում: Քթային արյունահոսությունները, կամ էպիստաքսիսը, շատ տարածված են և կարող են պատահել գրեթե բոլորի մոտ։ Կարևոր է հասկանալ, թե ինչու են դրանք առաջանում և երբ պետք է դիմել բժշկին:
Կան քթային արյունահոսությունների երկու տեսակներ.
- Առաջային քթային արյունահոսություններ: Սա ամենատարածված տեսակն է, երբ արյունը հոսում է քթի առջևի հատվածից՝ քթանցքերի միջոցով: Սովորաբար դրանք լուրջ չեն և հեշտությամբ են բուժվում:
- Հետին քթային արյունահոսություններ: Այս արյունահոսությունները տեղի են ունենում քթի խոռոչի հետին մասում՝ ավելի մոտ կոկորդին: Դրանք ավելի հազվադեպ են, սակայն կարող են լինել լուրջ և առաջացնել զգալի արյան կորուստ:
ՔԹԱՅԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Քթային արյունահոսությունները կարող են առաջանալ թե՛ անվնաս պատճառներից, թե՛ լինել լուրջ հիվանդությունների նշան:
Երեխաների մոտ քթային արյունահոսությունների ամենատարածված պատճառներն են.
1. Չոր օդ: Ձմռան ժամանակ տաքացուցիչներից պայմանավորված՝ սենյակների օդը կարող է չորանալ, ինչը քթի լորձաթաղանթը դարձնում է ավելի խոցելի: Նմանատիպ երևույթ կարող է առաջանալ նաև ամռանը, եթե երեխան գտնվում է չոր միջավայրում:
2. Քթի մեջ քչփորելու հետևանքով լորձաթաղանթի վնասում: Երեխաները հաճախ քրփորում են իրենց քիթը, ինչը կարող է վնասել քթի նուրբ լորձաթաղանթի անոթները և առաջացնել արյունահոսություն:
3. Հարբուխ և ալերգիաներ: Հարբուխի կամ ալերգիաների ժամանակ քթի լորձաթաղանթը բորբոքվում է, ինչը մեծացնում է արյունահոսությունների վտանգը:
4. Քթի վնասվածքներ: Քթին հարվածները, ընկնելը կամ այլ վնասվածքները կարող են առաջացնել քթային արյունահոսություն:
Առավել հազվադեպ, քթային արյունահոսությունները կարող են կապված լինել լուրջ հիվանդությունների հետ, ինչպիսիք են արյան մակարդելիության խանգարումները, զարկերակային գերճնշումը կամ անոթային անոմալիաները:
Բժշկի հետ զրույցը, մանրակրկիտ հավաքված անամնեզը և ուշադրության արժանի զննումը հաճախ օգնում են բժշկին նվազեցնել հնարավոր պատճառների շրջանակը և նշանակել միայն անհրաժեշտ հետազոտություններ կամ ընդհանրապես առանց դրանց սահմանափակվել։
Ե՞ՐԲ ԴԻՄԵԼ ԲԺՇԿԻՆ
Անհապաղ դիմեք բժշկին կամ շտապօգնություն կանչեք, եթե ձեր երեխայի քթային արյունահոսությունը՝
- Ուղեկցվում է ուժեղ արյունահոսությամբ կամ դժվարացնում է շնչառությունը:
- Առաջացնում է գունատություն, հոգնածություն կամ գիտակցության խանգարումներ:
- Չի դադարում՝ չնայած ձեռնարկված միջոցներին:
- Ուղեկցվում է բազմաթիվ կապտուկներով կամ այլ արյունահոսություններով:
- Առաջացել է քթի վիրահատությունից հետո կամ քթի հայտնի ուռուցքի առկայության դեպքում:
- Ուղեկցվում է այլ լուրջ ախտանիշներով, ինչպիսիք են՝ կրծքի ցավը:
- Առաջացել է վնասվածքից հետո, օրինակ՝ դեմքին հարվածի հետևանքով, և կասկածվում է այլ վնասվածքներ (օրինակ՝ կոտրվածք):
- Առաջանում են արյան մակարդման գործընթացը խոչընդոտող դեղամիջոցների ընդունման ֆոնին (օրինակ՝ վարֆարին, ռիվարոքսաբան, ացետիլսալիցիլաթթու և այլն):
Գեմատոլոգին դիմելու հիմք կարող են հանդիսանալ նաև քթի արյունահոսությունները, որոնք՝
- լինում են հաճախակի (տարին ավելի քան 5 անգամ),
- տևում են ավելի քան 10 րոպե
- չեն դադարում առանց տամպոնադայի կամ արյունահոսությունը դադարեցնող դեղամիջոցների օգտագործման,
- բարդանում են երեխայի մոտ անեմիայի (հեմոգլոբինի մակարդակի իջեցում) զարգացմամբ, պահանջում են երկաթի դեղամիջոցների ընդունում կամ արյան փոխներարկում,
- երեխայի մոտ նկատվում են նաև արյունահոսության այլ դրսևորումներ (օրինակ՝ ինքնաբուխ կապտուկների առաջացում մաշկի վրա, արյան առկայություն աթոռի մեջ/մեզի մեջ, հոդերի արյունազեղումների էպիզոդներ, ծանր արյունահոսություններ վիրահատությունների ժամանակ կամ հետո և այլն):
Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԱԿՆԿԱԼԵԼ ԲԺՇԿԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Եթե բժշկի եք դիմել քթի արյունահոսության համար, բժիշկը կկարողանա քայլեր ձեռնարկել արյունահոսությունը դադարեցնելու համար, գնահատել երեխայի վիճակը և անհրաժեշտության դեպքում կատարել հետազոտություն ՝ արյունահոսության պատճառը պարզելու համար: Խորհրդատվության շրջանակներում բժիշկը կարող է:
- Կատարել հարցում և զննում: Բժիշկը հարցեր կտա արյունահոսության սկզբի ժամանակի, դրա տևողության մասին, հնարավոր պատճառների և այլ կարևոր գործոնների մասին: Կներկայացվի նաև քթի խոռոչի զննում և ընդհանուր վիճակի գնահատում:
- Կանգնեցնել արյունահոսությունը: Եթե արյունահոսությունը շարունակվում է, բժիշկը կարող է օգտագործել մեխանիկական կամ դեղորայքային մեթոդներ:
- Նշանակել հետազոտություն: Արյունահոսության պատճառը պարզելու և հետագա մարտավարությունը որոշելու համար բժիշկը կարող է արյան թեստեր նշանակել ՝ մակարդելիությունը ստուգելու և այլ հիվանդություններ և բարդություններ բացառելու համար:

Հեղինակի այլ հոդվածները

Կարևոր խորհուրդներ ծնողների համար. երեխաների վայր ընկնելու և վնասվածքները կանխելու վերաբերյալ

Ե՞րբ է պետք երեխային թողնել տանը հիվանդության պատճառով

Պատրաստվելով դպրոց հաճախելուն: ինչ պետք է իմանան ծնողները?

Քթային արյունահոսություններ երեխաների մոտ: ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկին?

Երեխաների ջերմային հիվանդություն. ինչպես ճանաչել և ինչ անել

Արևայրուք՝ ինչպես օգնել երեխային
