Համընդհանուր պատասխան չկա, իսկ անհրաժեշտ ջրի ծավալը ընտրվում է անհատապես։ Միջինում, չափահաս մարդու համար պահանջվում է օրական մոտ 4-6 բաժակ սովորական մաքուր ջուր։
Բայց «4-ից 6» կանոնը վերաբերում է առողջ մարդկանց, իսկ վերջնական ծավալը կախված է նաև այն բանից, թե մարդը որքան հեղուկ է ստանում օրվա ընթացքում այլ ըմպելիքներից և սննդից։
Ինչպե՞ս հասկանալ, թե որքան հեղուկ է պետք օրվա ընթացքում:
Առողջ տղամարդկանց և կանանց համար հեղուկի օրական միջին նորման կազմում է մոտ 15,5 և 11,5 բաժակ, համապատասխանաբար։ Սա նշանակում է, որ հաշվի առնելով միրգ-բանջարեղենի և այլ ըմպելիքների միջոցով ստացվող հեղուկը, ձեզ կարող է անհրաժեշտ լինել ընդամենը լրացուցիչ 4-6 բաժակ սովորական մաքուր ջուր։
Ի՞նչը կարող է ազդել օրվա հեղուկի պահանջարկի վրա:
- ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ: Եթե ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում առկա է ուժեղ քրտնարտադրություն, ապա հարկավոր է մեծացնել ընդունվող հեղուկի ծավալը։ Մարաթոնների կամ հեծանվավազքերի նման երկարատև ֆիզիկական ակտիվություններ կատարող մարզիկները կարիք ունեն ակտիվ (հեղուկի և նատրիումի կորուստների վերականգնում)։
- ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ: Պետք է բարձրացնել ջրի ընդունման մակարդակը շրջակա միջավայրի ջերմաստիճանի բարձրացման դեպքում և չանտեսել ծարավի զգացումը։
- ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ: Եթե ունեք որոշակի հիվանդություններ (վահանագեղձի, երիկամների, լյարդի կամ սրտի խնդիրներ), ապա ջրի ընդունման հարցում պետք է զգույշ լինել։ Նույնը վերաբերում է դեղորայքին, որը կարող է պահել հեղուկը օրգանիզմում (օրինակ՝ ցավազրկողներ, ՈՍՀԲԴ, օպիատներ և որոշ հակադեպրեսանտներ)։ Նման դեպքերում շատ ջուր խմելը վնասակար կարող է լինել, և ձեր բուժող բժիշկը պետք է որոշի ձեր անհատական օրական նորման, հաշվի առնելով ձեր հիվանդությունը։
- ՏԱՐԻՔ: Տարեց մարդկանց մոտ ծարավի զգացումը նույնքան ուժեղ չէ, որքան երիտասարդների մոտ։ Սա կարող է լուրջ խնդիր դառնալ, հատկապես եթե նրանք ընդունում են հեղուկի կորուստ առաջացնող դեղեր, օրինակ՝ միզամուղներ։ Կարևոր է վերահսկել, որ նրանք բավարար ջուր խմեն։
Ջուրը հեղուկի վերականգնման միակ տարբերակը չէ:
Միֆ է, թե կոֆեին պարունակող ըմպելիքները կամ ալկոհոլը առաջացնում են ջրազրկում այն պատճառով, որ ուժեղացնում են միզարտադրությունը։ Այո, դրանք կարող են նպաստել հաճախակի միզարտադրության, սակայն այդ ըմպելիքներից ստացած ջուրը միևնույն է մասնակցում է օրվա ընդհանուր հեղուկի ընդունմանը։
Իհարկե, կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու մաքուր ջուրն ավելի լավ է, քան մյուս ըմպելիքները։ Բայց սա չի բացառում վերջիններիս ներդրումը հեղուկի փոխհատուցման գործում։
Եվ հիշեք, որ դուք հեղուկ եք ստանում նաև սննդից՝ ապուրներից, մրգային պյուրեներից, բանջարեղեններից և մրգերից։
