Որտեղից են առաջանում օնկոմարկերները?
Օնկոմարկերները նյութեր են, որոնք արտազատվում են ինչպես ուռուցքային, այնպես էլ օրգանիզմի նորմալ բջիջներով։ Դրանք կարող են հայտնաբերվել չարորակ նորագոյացությունների և այլ պաթոլոգիական գործընթացների ժամանակ, որոնք ոչ մի կապ չունեն քաղցկեղի հետ։ Օրինակ՝ շատ հաճախ ձվարանների քաղցկեղի մարկերը բարձրանում է էնդոմետրիոզի ժամանակ։ Օնկոմարկերները հիմնականում հայտնաբերվում են արյան մեջ, երբեմն՝ մեզի մեջ։
Օնկոմարկերների հետազոտությունները հաճախ ներառվում են սկրինինգներում և «փաթեթային» հետազոտություններում՝ տղամարդու/կնոջ առողջության համար։ Որոշ օնկոմարկերներ ներառված են ուռուցքաբանական կանխարգելման պաշտոնական ուղեցույցներում։ Այնուամենայնիվ, դրանք հաճախ ավելորդ հետազոտություններ են, որոնք ոչ միայն կարող են անհարկի անհանգստություն առաջացնել հիվանդի և բժշկի մոտ, այլև լուրջ վնաս պատճառել։
Եթե ես առողջ եմ, ի՞նչ օնկոմարկերներ պետք է հանձնել որպես սկրինինգ։
Պատասխանը՝ ոչ մի։ Չկա որևէ հետազոտություն, որի արդյունքներով այս կամ այն օնկոմարկերը կարող է ներառվել սկրինինգի ծրագրերում։ Միակ լուրջ պատճառը օնկոմարկերների հանձնման համար արդեն հաստատված ուռուցքային հիվանդությունն է։ Որոշ ուռուցքների դեպքում օնկոմարկերները բավականին սպեցիֆիկ են և թույլ են տալիս հետևել հիվանդության դինամիկային բուժման ֆոնին կամ օգնում են հայտնաբերել ռեցիդիվը։
Իսկ ՊՍԱ-ն?
Արդարև, շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի (ՊՍԱ) հետազոտությունը կարելի է գտնել ԱՊՀ մի շարք երկրների առաջարկություններում։ Այնուամենայնիվ, եթե վերլուծենք օտարերկրյա աղբյուրները, դրա արժեքն այնքան էլ մեծ չէ սկրինինգի համար։ Օրինակ՝ ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման աշխատանքային խումբը խորհուրդ է տալիս քննարկել ՊՍԱ հետազոտության նպատակահարմարությունը 55-69 տարեկան տղամարդկանց համար՝ մանրամասն քննարկելով դրա օգուտներն ու վնասները, իսկ 70 տարեկանից հետո ընդհանրապես առաջարկում է չանցկացնել հետազոտությունը։ Չէ՞ որ շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկն ավելի բարձր է, քան դրանից մահանալու ռիսկը։
Ես որոշեցի հանձնել օնկոմարկերներ։ Եթե ինչ-որ բան բարձր է, դա նշանակում է, որ ես քաղցկեղ ունեմ?
Ամենևին պարտադիր չէ։ Ինչպես արդեն նշվեց, օնկոմարկերները ոչ միշտ են վկայում ուռուցքաբանական պաթոլոգիայի մասին։ Ուստի, եթե, այնուամենայնիվ, հանձնել եք անալիզը և դրա մեջ կան շեղումներ, անհրաժեշտ է խորհրդակցել ուռուցքաբանի հետ, որպեսզի նա վերլուծի տվյալները և քննարկի, արդյոք կա լրացուցիչ հետազոտության անհրաժեշտություն։
