Բլոգ

Մմանուշակագույն նոյեմբեր-էպիլեպսիայի իրազեկման ամիս։

Ալյոնա Օպրիշկո

Նյարդաբան

Նոյեմբերը էպիլեպսիայի մասին իրազեկման ամիսն է, որը նաև անվանում են «Մանուշակագույն նոյեմբեր»։

Ուստի այսօր ուզում ենք քննարկել, թե ինչ է էպիլեպսիան։

Էպիլեպսիան գլխուղեղի հիվանդություն է, որը բնութագրվում է էպիլեպտիկ նոպաների կայուն հակվածությամբ, ինչպես նաև այս վիճակի նեյրոկենսաբանական, ճանաչողական, հոգեբանական և սոցիալական հետևանքներով։

Էպիլեպսիա ախտորոշելու համար անհրաժեշտ է, որ պահպանվեն հետևյալ չափանիշները:

  • Առնվազն երկու նոպա՝ 24 ժամից ավելի ընդմիջմամբ

ԿԱՄ

  • Մեկ նոպա և հետագա նոպաների հավանականություն ավելի քան 60%՝ առաջիկա 10 տարիների ընթացքում։ Սա հնարավոր է գլխուղեղի կառուցվածքային վնասվածքների դեպքում, ինչպիսիք են ինսուլտը, կենտրոնական նյարդային համակարգի վարակիչ հիվանդությունները կամ որոշակի տիպի գանգուղեղային վնասվածքների հետևանքով։

ԿԱՄ

  • Բժշկի կողմից ախտորոշված որոշակի էպիլեպտիկ համախտանիշ։

Էպիլեպտիկ նոպաները կարող են ունենալ բազմազան դրսևորումներ.

Նոպաները կարող են լինել ֆոկալ (կապված մարմնի որոշակի հատվածի հետ) կամ գեներալիզացված (ներառելով ամբողջ մարմինը), գիտակցության խանգարմամբ կամ առանց դրա։

Էպիլեպտիկ նոպաները միշտ չէ, որ լինում են տեսանելի (մոտորային), լինում են նաև ոչ հստակ (ոչ մոտորային)։ Օրինակ, աբսանսները տեղի են ունենում գործունեության կանգի կամ սառելու ձևով, մարդը կարող է չարձագանքել ձեր խոսքին։ Կան նաև էպիլեպտիկ նոպաներ դեժավյուի, մտքերի հոսքի ձևով, ինչը, իհարկե, բարդացնում է դրանց ախտորոշումը։ Նոպաները կարող են դրսևորվել մարմնի լարվածությամբ, սինխրոն կամ ոչ սինխրոն ցնցումներով, մկանային տոնուսի կորստով, կրկնվող ավտոմատ շարժումներով (հաճախ՝ մատների մռմռոցի ձևով)։ Եվ սա ընդամենը մի փոքր մասն է այն ամենի, ինչ կարելի է նկատել էպիլեպտիկ նոպայի ժամանակ։

Էպիլեպսիայի զարգացման պատճառները կարող են լինել.

  • գենետիկ
  • գլխուղեղի վնասումը՝ ինսուլտի, վարակիչ հիվանդությունների, վնասվածքների պատճառով, ինչպես նաև գլխուղեղի կառուցվածքային բնածին խանգարումները (օրինակ՝ կորտիկալ դիսպլազիա)
  • վարակիչ (օրինակ՝ նեյրոցիստիցերկոզ)
  • իմունային (իմունային համակարգի պատասխանի պատճառով՝ որոշ տեսակների էնցեֆալիտներ)
  • Նյութափոխանակային։

Կայք, որտեղ կարելի է գտնել հասանելի տեղեկատվություն այս թեմայով (անգլերեն)`Epilepsy foundation

Էպիլեպսիայի ախտորոշման համար անհրաժեշտ է դիմել բժշկի, որը նոպաների նկարագրության և ԷԷԳ (էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի) արդյունքների հիման վրա կդնի համապատասխան ախտորոշում։ Հետագա հետազոտությունները կարող են ներառել գլխուղեղի ՄՌՏ, գենետիկ և նյութափոխանակային ուսումնասիրություններ։

Skip to content