Բլոգ

Ինչու՞ է կարող արևի տակ սկսել գլխապտույտ

Եկատերինա Կուշնարյովա

Սրտաբան • Թերապևտ

Ինչպե՞ս են արևի ճառագայթները ազդում մեր զարկերակային ճնշման և ընդհանուր ինքնազգացողության վրա: Եվ ինչպե՞ս օգնել ինքներս մեզ ամառային ամիսներին?

 

Պատահե՞լ է, որ տաք Երևանյան արևի տակ ամառային զբոսանքի ժամանակ հանկարծ սկսել է գլուխդ պտտվել կամ ուժգին ցավալ:

Սովորական արևահարություն՝ առաջինը, ինչի մասին, հավանաբար, կմտածեք դուք։ Բայց հնարավո՞ր է, որ դրա համար լինեն նաև այլ պատճառնե։

2020 թվականին Ամերիկյան սրտաբանության ընկերակցության (Journal of the American Heart Association) հանդեսում հրապարակվեց հետաքրքիր մի հետազոտություն: Գիտնականները գնահատեցին մոտ 46 միլիոն զարկերակային ճնշման չափումներ տարվա ընթացքում, որոնք վերցվել էին 342 հազարը գերազանցող պացիենտներից, և հայտնաբերեցին հետաքրքիր օրինաչափություն: Ուլտրամանուշակագույն ճառագայթումը կապ էր ցուցաբերում ցածր (վերին) զարկերակային ճնշման արժեքների հետ, անկախ շրջակա միջավայրի ջերմաստիճանից:

Ինչո՞ւ էր այդպես տեղի ունենում: Գուցե վիտամին D-ն է ազդում սրտի և անոթների աշխատանքի վրա? Ո՛չ, ցավոք, հետագա որևէ հետազոտություն չի կարողացել հայտնաբերել համոզիչ կապ վիտամին D-ի մակարդակի և զարկերակային ճնշման արժեքների միջև: Է՞լ ինչն է ուրեմն:

Շոտլանդացի գիտնական Ռիչարդ Վելլերը ցույց է տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ մաշկում արտադրվում է ազոտի օքսիդ , որը նպաստում է անոթների լայնացմանը և, որպես հետևանք, զարկերակային ճնշման նվազմանը: Նրա անձնական ելույթը այս թեմայի շուրջ կարելի է լսել TED կայքում:

Այսինքն, ստացվում է, որ երբ մենք արևայրուք ենք ընդունում ծովափին կամ պարզապես զբոսնում արևի տակ, մեր ճնշումը կարող է զգալիորեն նվազել:

Հրաշալի է: Ստացվում է, որ տատիկս, զբոսնելով արևի տակ, կարող է բուժել զարկերակային հիպերտենզիան?

Իհարկե ոչ: Արևային լոգանքները չեն կարող փոխարինել արյան բարձր ճնշում ունեցողների մշտական դեղորայքային թերապիային և հաստատ չեն բուժի նրանց հիվանդությունը: Հնարավոր է, որ ամառային ամիսներին անհրաժեշտ լինի դեղաչափերի փոփոխություն կարդիոլոգի վերահսկողությամբ, բայց հաստատ ոչ դրանց ամբողջական չեղարկումը:

Իսկ ինչ վերաբերում է երիտասարդներին, հատկապես նրանց, ովքեր ի սկզբանե հակված են ցածր ճնշման արժեքներին, ապա նրանց համար նույնիսկ նման փոքր նվազումը ամառային հանգստի ընթացքում կարող է այնքան էլ ցանկալի չլինել:

Գլխացավն ու գլխապտույտը մինչև ուշաթափության վիճակը, ուժեղ թուլությունն ու քնկոտությունը հաստատ ձեզ չեն ուրախացնի ամռանը ծովափին, ձեր սիրելի հեյքինգի ընթացքում կամ ընկերների հետ խնջույքի ժամանակ:

Ինչպե՞ս օգնել ինքներդ ձեզ (խորհուրդներ նրանց համար, ովքեր չունեն բարձր ճնշում, բայց դժվար են տանում դրա նվազումը)

— Փորձեք հնարավոր է շատ հեղուկ խմել (ջուր, լիմոնադ, կաթնային կոկտեյլներ, թեյ, սուրճ և նույնիսկ մրգային սառույց): Այս ամենը կօգնի հավասարակշռել հեղուկի կորուստը տաք պայմաններում և ապահովել բավարար հեղուկի ծավալ արյան հոսքում:

— Չանտեսեք կոֆեին պարունակող ըմպելիքները: Սուրճ խմել ԿԱՐԵԼԻ է, սուրճ խմելը ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԷ (այս մասին ևս մի օր անպայման կգրենք), և 2-3 լատտեից հաստատ չեք վատանա:

— Կերեք ինչ-որ աղի բան (իհարկե, եթե դրա համար հակացուցումներ չկան): Աղը կօգնի հեղուկը պահել օրգանիզմում և պահպանել զարկերակային ճնշման մակարդակը:

— Եվ, իհարկե, օգտագործեք SPF 50+ պաշտպանիչ քսուքներ: Որքան քիչ ուլտրամանուշակագույն ճառագայթ հասնի մաշկին, այնքան քիչ ազոտի օքսիդ կարտադրվի, այնքան ցածր կլինի ճնշման նվազման հավանականությունն ու աստիճանը:

Եղեք առողջ և մշտապես կապի մեջ մնացեք ձեր սիրելի բժշկի հետ, որը միշտ կհուշի և անհատականորեն կսրբագրի ձեր համար առաջարկությունները:

Skip to content