Փոքրիկի քուն մտնելն ավելի հեշտ դարձնելու և նրան երկար ու խորը քուն ապահովելու համար կարևոր է հետևել այսպես կոչված քնի հիգիենային։
Սա ներառում է առողջ սովորույթներ, որոնք նպաստում են ցիրկադային ռիթմերի ամրապնդմանը և երեխային ավելի հաճույքով քնելու սովորեցնելուն։
Չնայած տարբեր երեխաների քնի պահանջը կարող է տարբերվել, կան ընդհանուր առաջարկություններ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար անհրաժեշտ քնի տևողության վերաբերյալ։
1. Նորածիններ (0-3 ամիս)
Նորածինների քունը գրեթե անընդհատ է և ընդհատվում է միայն սննդի և տակդիրի փոխման համար։ Առաջին 3 ամիսների ընթացքում երեխաները քնում են օրական 10,5-ից 18 ժամ՝ 1-3 ժամ տևող արթնության փուլերով։
Քնի տևողությունը կարող է տատանվել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ։ Քնի ընթացքում հաճախ նկատվում է ակտիվություն՝ ձեռքերի և ոտքերի շարժումներ, ժպիտ, ծծելու շարժումներ և այլ գործողություններ։ Մանկիկները քնի պահանջը արտահայտում են տարբեր ձևերով՝ աշխուժություն, լաց, աչքերի տրորել և այլն։ Ամենալավն է նրանց պառկեցնել անկողնում, երբ նրանք կիսաքնած են, բայց դեռևս չեն քնել։ Սա կօգնի նրանց ավելի արագ սովորել ինքնուրույն քնել։
Խորհուրդներ նորածինների ծնողներին
- Ուշադրություն դարձրեք փոքրիկին և սովորեք տարբերել քնկոտության նշանները։
- Պառկեցրեք փոքրիկին անկողնում, երբ նա կիսաքնած է, բայց դեռ չի քնել։
- Երեխան պետք է քնի մեջքի վրա, մինչև լիովին տիրապետի փորից մեջք շրջվելու կարողությանը։ Գլխի և դեմքի շրջակայքում չպետք է լինեն որևէ առարկաներ, ծածկոցներ, բարձեր և այլն։
- Օրվա ընթացքում շատ խաղացեք փոքրիկի հետ, իսկ երեկոյան ստեղծեք հանգիստ մթնոլորտ։
2. Մանկիկներ (4-12 ամիս)
Կյանքի երկրորդ կիսամյակում երեխաները սովորաբար քնում են գիշերը 9-12 ժամ և օրվա ընթացքում 1-4 անգամ՝ 30 րոպեից մինչև 2 ժամ։
6-8 ամսականից հետո օպտիմալ է համարվում օրվա ընթացքում երկու անգամ քնել՝ 1,5-2 ժամ տևողությամբ։ Եթե երեխան ինքնուրույն քնում է անկողնում, դա թույլ է տալիս նրան գիշերվա ընթացքում արթնանալիս կրկին ինքնուրույն խոր քուն մտնել՝ առանց ծնողների օգնության։ Իսկ այն երեխաները, ովքեր քնում են միայն ծնողների օգնությամբ, գիշերը լաց կլինեն՝ ծնողներին օգնության կանչելու համար։
Համարատարածված է, որ մեծահասակին հուսալի կապվածություն ունեցող երեխաները քնի հետ ավելի քիչ խնդիրներ են ունենում։ Սակայն որոշ երեխաներ դժվարությամբ են քնում, քանի որ չեն ցանկանում հրաժարվել մեծահասակի ներկայությունից քնելու ժամանակ։ Այս տարիքում հաճախ ի հայտ է գալիս նաև մորից բաժանվելու վախ։ Հիվանդություններն ու աճող շարժունակությունն էլ կարող են խանգարել քունը։
Խորհուրդներ 4-12 ամսական երեխաների համար
- Պահպանեք քնի և արթնության օրակարգը ինչպես օրվա, այնպես էլ գիշերվա համար։
- Պահպանեք մշտական և հաճելի քնելու ծիսակարգ։
- Ստեղծեք քնի համար բարենպաստ միջավայր։
- Սովորեցրեք երեխային ինքնուրույն քնել։
3. Տոդլերներ (1-2 տարեկան).
Տոդլերներին անհրաժեշտ է օրական 11-14 ժամ քուն։ 18 ամսականից հետո գրեթե բոլոր երեխաները անցնում են մեկ օրվա քնի ռեժիմի, որը տևում է 1-ից 3 ժամ։ Օրվա քունը ՉՊԵՏՔ է լինի ուշ, որպեսզի երեկոյան քնելու գործընթացը չձգձգվի։
Տոդլերների մոտ հաճախ հանդիպող խնդիրներն են՝ քնելու դեմ դիմադրությունը, գիշերային հաճախակի արթնացումները։ Հաճախ կարող են ի հայտ գալ գիշերային վախեր և մղձավանջներ։
Այս տարիքում երեխաները ձգտում են անկախության, ավելանում է նրանց շարժունակությունը, ճանաչողական և սոցիալական ակտիվությունը, զարգանում է երևակայությունը։ Նրանք սովորում են ինքնուրույն դուրս գալ իրենց անկողնուց։ Որոշ երեխաներ սկսում են կամ շարունակում են վախենալ սեպաչացիա մորից ։ Օրվա ընթացքում քնկոտությունը կամ, հակառակը, գերակտիվությունը կարող են վկայել քնի խնդիրների մասին։
Խորհուրդներ տոդլերների ծնողներին
- Պահպանեք քնի և արթնության օրակարգը, ինչպես օրվա, այնպես էլ գիշերվա համար։
- Պահպանեք մշտական և հաճելի քնելու ծիսակարգ։
- Հանգստասենյակի միջավայրը պահեք անփոփոխ։
- Սահմանեք խիստ ժամանակային շրջանակներ քնելու համար՝ թույլ չտալով երեխային դրանք խախտել անվերջանալի հարցումներով՝ ուտել, խմել, զուգարան գնալ և այլն։
- Առաջարկեք երեխային ձեր ներկայության փոխարեն գիշերը սիրելի խաղալիք կամ ծածկոց՝ որպես հարմարավետության աղբյուր։
4.Նախադպրոցականներ (3-5 տարեկան)
Նախադպրոցականները քնում են օրական 11-13 ժամ, և 5 տարեկանից հետո երեխաների մեծամասնությանը այլևս անհրաժեշտ չէ օրվա քուն։ Ինչպես տոդլերների դեպքում, այս տարիքում նույնպես հաճախ հանդիպում է քնելուց հրաժարվելը և գիշերային հաճախակի արթնացումները։
Խորհուրդներ նախադպրոցականների ծնողներին
- Պահպանեք օրվա հաստատուն ռեժիմ։
- Աջակցեք հանգստացնող ծիսակարգի կազմակերպմանը քնելուց առաջ, որը պետք է ավարտվի երեխայի ննջասենյակում։
- Ցանկալի է, որ երեխան ամեն գիշեր քնի նույն սենյակում, որտեղ պետք է լինի հով, հանգիստ և մութ։ Սենյակում չպետք է միացված լինի հեռուստացույց։
5.Դպրոցականներ (6-13 տարեկան)
Այս տարիքում երեխաներին անհրաժեշտ է օրական 9-ից 11 ժամ քուն։ Միևնույն ժամանակ, այս շրջանում զգալիորեն ավելանում է երեխայի նյարդային համակարգի ծանրաբեռնվածությունը՝ դպրոցական դասերի, սպորտի և լրացուցիչ պարապմունքների պատճառով։ Երեխաները սկսում են ավելի շատ հետաքրքրվել հեռուստացույցով և համակարգիչներով, ինչպես նաև օգտագործել կոֆեին պարունակող ըմպելիքներ։ Այս ամենը հաճախ հանգեցնում է քնելու դժվարությունների, գիշերային մղձավանջների և քնի այլ խանգարումների։ Հայտնի է, որ քնելուց առաջ հեռուստացույց դիտելն ու գաջեթների օգտագործումը վատթարացնում են քուն մտնելը, բարձրացնում են անհանգստությունը և կրճատում քնի տևողությունը։
Այս տարիքում քնի խանգարումները բավականին տարածված են։ Անբավարար քունը բերում է օրվա ընթացքում տրամադրության տատանումների, խնդիրային վարքագծի, սրացնում է ուշադրության պակասի և հիպերակտիվության խանգարումը ( ՈւՊԳԽ) և վատթարացնում է դպրոցի ուսուցման մակարդակը։
Խորհուրդներ 6-13 տարեկան երեխաների ծնողներին
- Բացատրեք երեխաներին քնի կարևորությունը և սովորեցրեք նրանց քնի ճիշտ հիգիենայի կանոնները։
- Պահանջեք ռեժիմի պահպանումը։
- Ստեղծեք երեխայի ննջասենյակում քնի համար նպաստավոր միջավայր՝ սենյակում պետք է լինի հով, հանգիստ և մութ։
- Փորձեք սովորեցնել երեխային գաջեթները անջատել քնելուց որոշ ժամանակ առաջ։
- Խուսափեք կոֆեին պարունակող ըմպելիքներից օրվա երկրորդ կեսին։
