Եթե Ձեր երեխան իրեն վատ է զգում, մանկաբույժը լավագույն մասնագետն է, որի հետ կարելի է խորհրդակցել՝ որոշելու համար, թե արդյոք երեխան կարող է գնալ դպրոց։ Ընդհանուր առողջապահական տրամաբանությունը, երեխայի բարեկեցության նկատմամբ հոգածությունը և համադասարանցիների վարակման հնարավորությունը պետք է լինեն այն հիմքերը, որոնցով պետք է որոշվի՝ երեխան տանը մնա, թե ոչ։
Երբ է անհրաժեշտ զերծ մնալ դպրոցից․
1.Եթե վերջին 24 ժամվա ընթացքում երեխայի մարմնի ջերմաստիճանը եղել է 38.0-38.5°C և ավելի։
2.Եթե վերջին 24 ժամվա ընթացքում եղել են փսխման կամ լուծի դեպքեր։
3.Եթե առկա են «կարմիր դրոշակներ», որոնց մասին մենք գրել ենք առանձին հոդվածում։
4.Եթե երեխան բավականաչափ առողջ չի թվում, որ մասնակցի դասերին։
Ի՞նչ անել, եթե երեխան իրեն ավելի լավ է զգում, բայց դեռ ունի հարբուխ․
Եթե Ձեր երեխան հիվանդացել է և արդեն իրեն ավելի լավ է զգում, բայց դեռ ունի փոքր խնդիրներ (օրինակ՝ հարբուխ, մնացորդային հազ կամ թեթև գլխացավ), ապա Դուք կարող եք ուղարկել նրան դպրոց, եթե վերը նշված չորս պայմաններից ոչ մեկը չկա։
Սուր շնչառական վիրուսային վարակների (ՍՇՎՎ) մեծ մասի դեպքում երեխան կարող է վարակիչ լինել դեռ մինչև ախտանիշների ի հայտ գալը։ Վարակման գագաթնակետը հիմնականում լինում է հիվանդության առաջին օրերին։ Այդ պատճառով շատ դեպքերում երեխաներին, ովքեր ունեն սովորական մրսածություն, անհրաժեշտ չէ առանձնացնել մանկապարտեզից կամ դպրոցից, քանի որ վարակը, հավանաբար, արդեն փոխանցվել է մինչև ախտանիշների ի հայտ գալը։ Վարակման ռիսկը կարելի է նվազեցնել կանխարգելիչ միջոցառումներին հետևելով և հիգիենայի կանոնները պահպանելով։
Այնուամենայնիվ, համոզվեք, որ դպրոցում կամ մանկապարտեզում և Ձեր երեխայի մոտ կա հեռախոսահամար, որով կարող են Ձեզ հետ կապվել օրվա ընթացքում, եթե երեխայի մոտ ի հայտ գան ավելի լուրջ ախտանիշներ, և անհրաժեշտ լինի նրան տուն բերել։
Հիշեք , այս առաջարկները ընդհանուր բնույթի են։ Կարևոր է հաշվի առնել տեղական պահանջները և դպրոցի կամ մանկապարտեզի ուղեցույցները։
Խորհրդակցեք Ձեր երեխայի մանկաբույժի հետ, եթե ունեք հարցեր կամ մտահոգություններ՝ կապված այն բանի հետ, թե երբ է երեխան պատրաստ դպրոց հաճախել։

Հեղինակի այլ հոդվածները

Կարևոր խորհուրդներ ծնողների համար. երեխաների վայր ընկնելու և վնասվածքները կանխելու վերաբերյալ

Ե՞րբ է պետք երեխային թողնել տանը հիվանդության պատճառով

Պատրաստվելով դպրոց հաճախելուն: ինչ պետք է իմանան ծնողները?

Քթային արյունահոսություններ երեխաների մոտ: ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկին?

Երեխաների ջերմային հիվանդություն. ինչպես ճանաչել և ինչ անել

Արևայրուք՝ ինչպես օգնել երեխային
