Ռևմատոլոգը մասնագետ է, որը զբաղվում է հոդերի բորբոքային հիվանդություններով (արթրիտներ), անոթների բորբոքմամբ (վասկուլիտներ) և շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարումներով։ Այս վիճակների կլինիկական դրսևորումները չափազանց բազմազան են, այդ թվում՝ նաև երեխաների մոտ, և դրանք կարող են «թաքնվել» շատ այլ հիվանդությունների առկայության դեպքում։
Ե՞րբ պետք է դիմել մանկական ռևմատոլոգին: Եթե Ձեր փոքրիկի մոտ նկատում եք հետևյալ վիճակները՝
• հոդացավեր, հոդերի արտաքին տեսքի փոփոխություն, քայլքի խանգարում
• երկարատև կամ պարբերաբար չբացատրվող ջերմության բարձրացում
• անհասկանալի մաշկային փոփոխություններ (ցաներ ամենատարբեր տեսակների, ներառյալ ծանր ակնե), լուսազգայունություն (ցաների ուժեղացում ուլտրամանուշակագույն ճառագայթման ներգործությամբ)
• մկանային թուլություն
• անհասկանալի քաշի կորուստ
• պարբերաբար առաջացող աչքերի կարմրություն
• կրկնվող խոցեր բերանի խոռոչում
• թոքերի կամ սրտի բորբոքում, որոնք չեն բացատրվում վարակային պատճառներով
• անհասկանալի անեմիա կամ թրոմբոցիտների և/կամ լեյկոցիտների քանակի նվազում
Որպես կանոն, նշված ախտանիշների առկայության դեպքում մանկաբույժը ինքնուրույն կուղղորդի երեխային մանկական ռևմատոլոգի մոտ, սակայն օգտակար է, որ ծնողները ևս տեղյակ լինեն, թե որ մասնագետը կարող է օգնել պարզաբանել նման գանգատների պատճառները։
Առողջություն Ձեզ և ձեր երեխային:
