Գրեթե բոլոր վերարտադրողական տարիքի կանայք ժամանակ առ ժամանակ զգում են տհաճություն և ցավեր կրծքագեղձերում։ Սովորաբար այս տհաճ զգացողություններն ի հայտ են գալիս դաշտանից առաջ և նվազում են ցիկլի առաջին օրերին։
Ինչու՞ է առաջանում ցավը
Դաշտանային ցիկլի երկրորդ կեսում առանցքային դեր ունի պրոգեստերոն հորմոնը։ Նրա մակարդակի փոփոխություններն առնչվում են ցավոտ և տհաճ զգացողությունների առաջացմանը։ Պրոգեստերոնն ազդում է ջրաաղային փոխանակման վրա, ինչի հետևանքով կարող է առաջանալ հեղուկի պահում և այտուց, այդ թվում նաև կրծքագեղձերում։ Կրծքագեղձի հյուսվածքը հարուստ է նյարդային վերջավորություններով և բավական զգայուն է, ուստի հեղուկի կուտակումը կարող է ճնշել այդ վերջավորությունները, առաջացնելով ցավ, տհաճություն և ծանրության զգացում։
Կրծքագեղձերի ցիկլային ցավոտությունն ի սկզբանե ֆիզիոլոգիական երևույթ է։
Ինչպե՞ս հասկանալ, թե երբ պետք է դիմել բժշկին ցավային համախտանիշի դեպքում
-Եթե ցավը արտահայտված ասիմետրիկ բնույթ ունի։
-Եթե ցավոտ շրջանում/թևատակի հատվածում շոշափվում է խտացում։
-Եթե առկա է կրծքագեղձի կարմրություն կամ այտուց, մաշկի փոփոխություն։
-Եթե մարմնի ջերմաստիճանը բարձրացել է և դժվար է այն կապել այլ գործոնների հետ։
-Եթե նկատում եք այնպիսի փոփոխություններ կրծքագեղձում, որոնք առաջ չեն եղել (ասիմետրիա, դեֆորմացիա, ձևի կամ պտուկի գույնի փոփոխություն)։
