Դեմենցիան վիճակ է, որը բնութագրվում է ինտելեկտուալ գործառույթների առաջադիմող կամ կայուն կորստով։
Կանխարգելումն ուղղված է ռիսկի գործոնների ազդեցության նվազեցմանը վաղ փուլերում (այսինքն՝ որքան շուտ, այնքան լավ) և դրանց ցածր մակարդակի պահպանմանը ողջ կյանքի ընթացքում (այսինքն՝ որքան երկար, այնքան լավ)։ Թեև ռիսկի գործոնների վերացումը կյանքի վաղ փուլերում ցանկալի է, դրանց ազդեցության նվազեցումը օգտակար է նաև կյանքի ցանկացած այլ փուլում։ Դեմենցիայի ռիսկը նվազեցնելու համար երբեք ոչ շատ վաղ է, ոչ էլ շատ ուշ։
Այսպիսով, ահա ռիսկի գործոնները՝ համաձայն The Lancet ամսագրում հրապարակված «Dementia prevention, intervention, and care: 2024 report of the Lancet standing Commission» վերջին զեկույցի.
- կրթության ցածր մակարդակ
- լսողության կորուստ
- զարկերակային հիպերտենզիա
- ծխելը
- ճարպակալում
- դեպրեսիա
- ֆիզիկական ակտիվության բացակայություն/նվազում
- շաքարային դիաբետ
- ալկոհոլի չափից ավելի օգտագործում (օրինակ՝ >21 բրիտանական միավոր շաբաթական, որտեղ 1 բրիտանական միավորը = 10 մլ ալկոհոլ կամ 7,9 գ)
- գանգուղեղային վնասվածք
- օդի աղտոտվածություն
- սոցիալական մեկուսացում
- ինչպես նաև նոր հայտնաբերված գործոններ՝ ոչ կոմպենսացված տեսողության կորուստ և ցածր խտության լիպոպրոտեինների (ՑԽԼ, LDL) բարձր մակարդակ։
Համապատասխանաբար, կանխարգելումը ներառում է՝
- կրթություն ստանալ․ որքան երկար է ուսուցման տևողությունը, այնքան լավ,
- միջին տարիքում (18–65 տարեկան) և տարեց տարիքում (>65 տարեկան) պահպանել կոգնիտիվ, ֆիզիկական և սոցիալական ակտիվությունը։ Նոր տվյալները ցույց են տալիս, որ միջին տարիքում կոգնիտիվ ակտիվությունը կարևոր է նույնիսկ կրթության ցածր մակարդակ ունեցող մարդկանց համար,
- շտկել տեսողության և լսողության խանգարումները, նվազեցնել աղմուկի ազդեցությունը,
- արդյունավետ բուժել դեպրեսիան,
- կոնտակտային սպորտով զբաղվելիս և հեծանիվ վարելիս օգտագործել սաղավարտներ և գլխի պաշտպանիչ միջոցներ, նվազեցնել ուժեղ հարվածներով բախումների և գլխի կտրուկ շարժումների հետ կապված վարժությունների քանակը մարզումների ընթացքում, ինչպես նաև խուսափել գանգուղեղային վնասվածքից
- զբաղվել սպորտով և ունենալ կանոնավոր ֆիզիկական ակտիվություն․ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս բոլոր մեծահասակներին շաբաթական առնվազն 150–300 րոպե միջին ինտենսիվության աերոբիկ ֆիզիկական ակտիվություն կամ շաբաթական 75–150 րոպե բարձր ինտենսիվության աերոբիկ ֆիզիկական ակտիվություն, ինչպես նաև շաբաթական ≥2 օր կատարել միջին կամ բարձր ինտենսիվության մկաններն ամրապնդող վարժություններ՝ ներգրավելով մկանների բոլոր հիմնական խմբերը։ Երեխաների և դեռահասների համար խորհուրդ է տրվում օրական միջինում 60 րոպե միջին ինտենսիվության աերոբիկ ֆիզիկական ակտիվություն,
- հրաժարվել ծխելուց և ալկոհոլի չափից ավելի օգտագործումից,
- բուժել զարկերակային հիպերտենզիան և 40 տարեկանից սկսած պահպանել սիստոլիկ զարկերակային ճնշումը 130 մմ սնդիկի սյունից ցածր կամ հավասար մակարդակում,
- միջին տարիքի մարդկանց մոտ շտկել LDL խոլեստերինի բարձր մակարդակը,
- բուժել ճարպակալումը՝ շաքարային դիաբետի կանխարգելման նպատակով։