Վերարտադրողական տարիքի գրեթե բոլոր կանայք ժամանակ առ ժամանակ ունենում են կրծքագեղձերի շրջանում անհարմարություն և ցավ։ Սովորաբար այս տհաճ զգացողություններն առաջանում են դաշտանից առաջ և նվազում են ցիկլի առաջին օրերին։
Ինչո՞ւ է առաջանում ցավոտությունը։
Դաշտանային ցիկլի երկրորդ կեսին կարևոր դեր է խաղում պրոգեստերոն հորմոնը։ Դրա մակարդակի փոփոխությունները կարող են նպաստել ցավի և անհարմարության առաջացմանը։ Պրոգեստերոնն ազդում է ջրաղային փոխանակության վրա, ինչի հետևանքով կարող է առաջանալ հեղուկի կուտակում և այտուց, այդ թվում՝ նաև կրծքագեղձերում։
Կրծքագեղձի հյուսվածքում կան բազմաթիվ նյարդային վերջավորություններ, և այն բավականին զգայուն գոտի է, ուստի հեղուկի կուտակումը կարող է ճնշում գործադրել դրանց վրա՝ առաջացնելով ցավի, անհարմարության և ծանրության զգացում։
Կրծքագեղձերի ցիկլային ցավոտությունը ֆիզիոլոգիական երևույթ է։
Ո՞ր դեպքերում ցավային համախտանիշի առկայության դեպքում պետք է դիմել բժշկի։
- Ցավն արտահայտված է և ունի ասիմետրիկ բնույթ։
- Ցավոտ հատվածում կամ թևատակի շրջանում շոշափվում է պնդացում։
- Առկա է կրծքագեղձի կարմրություն կամ այտուց, ինչպես նաև մաշկի փոփոխություններ։
- Առկա է մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որը դժվար է կապել այլ գործոնների հետ։
- Դուք նկատում եք կրծքագեղձի նախկինում չնկատված փոփոխություններ՝ ասիմետրիա, դեֆորմացիա, պտուկի ձևի կամ գույնի փոփոխություն։