Բլոգ

Այն, ինչի մասին սովորաբար չեն խոսում. Կանանց լիբիդոն

Որոշ մշակույթներում և կրոններում սեքսուալ ցանկության, առավել ևս դրա նվազման քննարկումը համարվում է արգելված թեմա։ Կանանց հաճախ ներշնչում են, որ սեքսուալ հետաքրքրությունն ու դրա բացակայությունը կամ ինչ-որ արգելված բան են, կամ լիովին ընկնում են զուգընկերոջ հանդեպ պարտականությունների շրջանակում։ Այնուամենայնիվ, կարևոր է հիշել, որ լիբիդոն ձեր առողջության և բարեկեցության մասն է, և դրա մասին հոգալը նույնքան բնական է, որքան հոգատարությունը ձեր ֆիզիկական կամ էմոցիոնալ վիճակի նկատմամբ։ Անհրաժեշտ չէ ամաչել դիմել մասնագետների՝ սեքսոլոգի կամ հոգեբանի օգնությանը։ Անկեղծ զրույցը ձեր զգացմունքների և ցանկությունների մասին կարող է դառնալ առաջին քայլը ձեր կյանքի ներդաշնակության ուղղությամբ։

Լիբիդոն մեր սեքսուալության բազմաշերտ ասպեկտն է, որի վրա ազդում են կենսաբանական, հոգեբանական և սոցիալական գործոնները։ Կանանց սեքսուալ ցանկությունն առանձնահատուկ և փոփոխական է, և դրա մակարդակը կարող է տարբեր լինել ողջ կյանքի ընթացքում։ Լիբիդոյի մեխանիզմները հասկանալն ու դրա նվազման պատճառները պարզելը կարող են նպաստել հարաբերությունների ներդաշնակությանն ու կյանքի որակի բարելավմանը։

Տղամարդկանցից տարբերությամբ, կանանց լիբիդոն ավելի հաճախ կապված է էմոցիոնալ մտերմության, անվտանգության զգացողության և բազմաթիվ ֆիզիոլոգիական գործոնների հետ, ինչը դարձնում է այն առավել զգայուն կյանքի փոփոխվող հանգամանքների հանդեպ։ Լիբիդոյի փոփոխությունները ողջ կյանքի ընթացքում նորմալ են, և հիմնական հարցն այն է, թե արդյոք դա խանգարում է առօրյա կյանքի հարմարավետությանը։ Եթե սեքսուալ ակտիվությունը առաջնահերթություն չէ և անհանգստություն չի պատճառում, դա նույնպես նորմայի տարբերակ է։

Կարևոր ասպեկտներ, որոնք ազդում են կանանց լիբիդոյի վրա

1. Հորմոնալ փոփոխություններ

Էստրոգեններն ու տեստոստերոնը կարևոր դեր են խաղում սեքսուալ ցանկության պահպանման գործում։ Օրինակ, տեստոստերոնի մակարդակը, որը ազդում է սեքսուալ ցանկության վրա ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, իր գագաթնակետին է հասնում մոտ 20-30 տարեկանում, ապա աստիճանաբար նվազում։ Դաշտանադադարի հետ կապված հորմոնալ փոփոխությունները, ինչպիսիք են էստրոգենի նվազումը, հաճախ հանգեցնում են լիբիդոյի անկման և հեշտոցի չորության, ինչը կարող է ուղեկցվել անհարմարությամբ սեռական հարաբերությունների ժամանակ։

Բացի այդ, ծննդաբերությունից հետո նույնպես տեղի են ունենում հորմոնալ կտրուկ փոփոխություններ. էստրոգենի մակարդակը կարող է նվազել, մինչդեռ պրոլակտինը, որը խթանում է կաթի արտադրությունը, բարձրանում է։ Սա, ֆիզիկական հոգնածության և նոր առօրյային հարմարվելու հետ միասին, հաճախ հանգեցնում է սեքսուալ ակտիվության նկատմամբ հետաքրքրության ժամանակավոր նվազման։

2. Հոգեբանական և էմոցիոնալ գործոններ

Հոգեբանական և էմոցիոնալ ասպեկտներն էական դեր են խաղում կանանց լիբիդոյի վրա։ Ինքնավստահության պակասը, օրինակ, կարող է առաջացնել անհանգստություն և ինքնաքննադատություն, որոնք նվազեցնում են սեքսուալ ցանկությունը։ Ընդհանուր խնդիրներն են նաև սթրեսը, քրոնիկական հոգնածությունը, քնի պակասը և պարտականությունների ծանրաբեռնվածության մշտական զգացումը։ Այս խնդիրները հաճախ հանդիպում են այն կանանց մոտ, ովքեր փորձում են համատեղել աշխատանքը, տան գործերը և այլ պարտականությունները, ինչը դժվարացնում է հանգստանալն ու ինտիմ հարաբերությունների վրա կենտրոնանալը։

Էմոցիոնալ մտերմությունը զուգընկերոջ հետ նույնպես կարևոր գործոն է։ Լուծում չստացած կոնֆլիկտները, հարաբերություններում հաղորդակցության և էմոցիոնալ հարմարավետության պակասը կարող են խոչընդոտ դառնալ սեքսուալ ցանկության համար։

3. Առողջական խնդիրներ և բժշկական պատրաստուկներ

Որոշ հիվանդություններ, ինչպիսիք են հիպոթիրեոզը, շաքարախտը, սրտանոթային խնդիրները, քրոնիկական փոքր կոնքի ցավը (օրինակ՝ էնդոմետրիոզի կամ արգանդի միոմայի հետևանքով) և ճարպակալումը, կարող են բացասաբար ազդել սեքսուալ ցանկության վրա։ Կանայք, ովքեր սեքսի ընթացքում ցավ են զգում, հաճախ սկսում են խուսափել սեռական մերձեցումից, հատկապես եթե ցավի պատճառները չեն ախտորոշվում և չեն բուժվում։

Դեղամիջոցներ, ինչպիսիք են հակադեպրեսանտները, բետա-բլոկատորները, համակցված հորմոնալ հակաբեղմնավորիչները, արոմատազի ինհիբիտորները, նույնպես կարող են ազդել լիբիդոյի վրա։ Նման դեպքերում նպատակահարմար է քննարկել բժշկի հետ դեղամիջոցի փոփոխման կամ դրա դոզավորման հարցը։

Երբ է լիբիդոյի նվազումը պահանջում ուշադրություն:

Սեքսուալ ցանկության բացակայությունը ինքնին խնդիր չէ։ Եթե դա չի առաջացնում սթրես կամ լարվածություն հարաբերություններում, ապա դա նորմալ է։ Այնուամենայնիվ, եթե լիբիդոյի նվազումը ազդում է կյանքի որակի վրա և առաջացնում անհարմարություն կամ դժգոհություն, կարևոր է հայտնաբերել ու վերացնել դրա պատճառները։

Ինչ կարելի է ձեռնարկել լիբիդոյի բարելավման համար:

1. Հոգեբանական և էմոցիոնալ առողջության աջակցություն:

Սովորեք հաղթահարել սթրեսը, հոգնածությունը և ժամանակ հատկացրեք հանգստի համար։ Ամբողջական քունը, ֆիզիկական ակտիվությունը, մեդիտացիան և մերսումը կարող են նվազեցնել սթրեսի մակարդակը։ Սեքսոլոգի կամ հոգեթերապևտի հետ խորհրդակցությունը կարող է նպաստել էմոցիոնալ վիճակի և զուգընկերոջ հետ հարաբերությունների բարելավմանը

2. Հորմոնալ աջակցություն:

Դաշտանադադարի փուլում գտնվող կանանց կարող են առաջարկվել տեղային էստրոգենի ձևեր (քսուքներ, մոմիկներ կամ գելեր), որոնք կօգնեն վերացնել հեշտոցի չորությունը և ավելի հարմարավետ դարձնել սեռական ակտը։ Եթե լիբիդոյի նվազումը կապված է հորմոնալ հակաբեղմնավորիչների հետ, կարելի է քննարկել դեղամիջոցի փոփոխման կամ ոչ հորմոնալ մեթոդների անցնելու հնարավորությունը։

3. Քրոնիկական հիվանդությունների բուժում:

Այն վիճակների բուժումը, որոնք կարող են ազդել սեքսուալ ակտիվության վրա, ինչպիսիք են էնդոմետրիոզը, հիպոթիրեոզը և շաքարախտը, կարևոր է ընդհանուր առողջության և սեքսուալ առողջության բարելավման համար։

4. Փոքր կոնքի մկանների թուլացման ֆիզիոթերապիա:

Վագինիզմի դեպքում, որը բնորոշվում է մկանների ակամա կծկումով և ցավով սեռական ակտի ժամանակ, օգտակար են ֆիզիոթերապիան և փոքր կոնքի մկանների թուլացման հատուկ վարժությունները։

5. Սեքսուալ կյանք:

Նորույթը և էմոցիոնալ մտերմությունը նպաստում են ցանկության ուժեղացմանը։ Փորձեք ստեղծել հանգստացնող մթնոլորտ՝ համատեղ հանգստի, ռոմանտիկ պահերի միջոցով։ Սա կարող է օգնել հարաբերությունների կարգավորմանն ու վերակենդանացմանը։

6. Ստուգված մեթոդներ, բայց առանց ԿՍՀ -ների և խոտաբույսերի:

Գիտական տվյալները հաստատում են միայն որոշակի մեթոդների արդյունավետությունը։ ԿՍՀ-ները և խոտաբույսերի խառնուրդները չեն ցուցադրել հուսալի արդյունքներ և կարող են պարունակել վտանգավոր բաղադրիչներ։ Կարևոր է օգտագործել միայն մասնագետների կողմից առաջարկվող մեթոդները։

Կանանց սեքսուալ ցանկությունը բարդ և բազմաշերտ գործընթաց է, որի վրա ազդում են բազմաթիվ գործոններ։

Մի ամաչեք քննարկել լիբիդոյի հետ կապված հարցերը և դիմել մասնագետների օգնությանը։ Սեքսուալ առողջությունը ընդհանուր բարեկեցության կարևոր մասն է, և եթե ցանկության նվազումը ազդում է ձեր կյանքի որակի վրա, առաջացնում սթրես կամ լարվածություն հարաբերություններում, մի հետաձգեք բժշկի այցելությունը։ Ժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդները կօգնեն գտնել այն լուծումը, որը հարմար է հենց ձեզ համար։ Ձեր առողջությունն ու հարմարավետությունը արժանի են ուշադրության և հոգատարության։

Skip to content