Բլոգ

Արևայրուք՝ ինչպես օգնել երեխային

Իլյա Ֆուրսով

Մանկաբույժ

Ի՞նչ է արևայրուքը

Արևայրուքը մաշկի վնասումն է, որը կարող է տեղի ունենալ, եթե մարդը չափազանց երկար ժամանակ է անցկացնում արևի տակ։ Արևն արտանետում է «ուլտրամանուշակագույն» լույս, որը և առաջացնում է արևայրուք։ Արևայրուք կարելի է ստանալ նույնիսկ ամպամած օրերին, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են անցնել ամպերի միջով։

Արևայրուք ստանալու ևս մեկ եղանակ է՝ այցելել սոլյարիում, որտեղ նույնպես օգտագործվում է ուլտրամանուշակագույն լույս։

Ի՞նչ կարող է մեծացնել արևայրուք ստանալու հավանականությունը

Արևայրուք ստանալու ձեր հավանականությունը բարձրանում է, եթե՝

·     Մաշկը բաց գույնի է, իսկ մազերը՝ բաց։

·     Ժամանակ եք անցկացնում արևի տակ՝ առանց պաշտպանիչ հագուստի և արևապաշտպան քսուքի։

·     Շուրջը կա ձյուն, ջուր կամ ավազ, որոնք կարող են անդրադարձնել արևի ճառագայթները։

·     Օգտագործում եք որոշ դեղեր, որոնք կարող են առաջացնել մաշկի այրվածք։

·      Նորածիններն ու երեխաները ունեն ավելի զգայուն մաշկ և ավելի հաճախ են ստանում արևայրուք։ Հետևաբար, շատ կարևոր է նրանց պաշտպանել արևից։

Որո՞նք են արևայրուքի ախտանիշները

Ախտանիշները ի հայտ են գալիս արևի տակ գտնվելուց 3-5 ժամ անց և ներառում են՝

·      Մաշկի կարմրություն, որն ուժգնանում է արևի տակ գտնվելուց 12-24 ժամ անց և սովորաբար անհետանում է 3 օրում։

·      Ցավ

·      Մաշկի տաքացում՝ շփման ժամանակ

Որոշ դեպքերում արևայրուքը կարող է լինել ծանր։ Այդպիսի դեպքերում մաշկի վրա կարող են առաջանալ պղպջակներ, երեխային կարող է անհանգստացնել ուժեղ ցավը այրվածքի հատվածում, կարող է առաջանալ այտուց, բարձրանալ մարմնի ջերմաստիճանը։

Ահա մի քանի միջոց՝ թեթև արևայրուքի դեպքում ցավը մեղմացնելու համար

·      Տվեք երեխային ջուր կամ կաթ՝ կորցրած հեղուկը վերականգնելու համար։

·      Օգտագործեք սառը ջուր, որպեսզի երեխայի մաշկը հանգստանա։ Դրեք սառը կտոր այրվածքի վրա կամ ընդունեք սառը լոգանք։

·      Մի քերեք մաշկը, հատկապես եթե այն ծածկված է պղպջակներով կամ թեփոտվում է։

·      Ցավի դեպքում տվեք երեխային ցավազրկող միջոց (օրինակ՝ պարացետամոլ), որպեսզի մեղմացնեք ցավը։

·      Օգտագործեք բուժական լոսյոններ միայն այն դեպքում, եթե ձեր երեխայի բժիշկը դա թույլատրել է։

·      Պահեք երեխային հեռու արևից, մինչև արևայրուքն ամբողջությամբ լավանա։

·      Որոշ հանգստացնող ազդեցություն կարող են ունենալ ալոե վերայի հիմքով միջոցները, բայց տվյալներ չկան, որ դրանք արագացնում են մաշկի վերականգնումը։

·      Արևայրուքից հետո մաշկը կարող է դառնալ շատ զգայուն։ Եթե հագուստը գրգռում է մաշկը, փորձեք հագնել թեթև և ազատ հագուստ։

Կարելի՞ է կանխել արևայրուքը

Այո։ Արևայրուքը կանխելու համար՝

·      Խուսափեք արևից օրվա կեսին (10։00-ից մինչև 16։00)։ Այդ ժամերին արևի ճառագայթումը ամենաուժեղն է։

·      Գտնվեք հով վայրերում, օրինակ՝ հովանոցների, ծառերի կամ այլ հով տեղերի տակ։

·      Կրեք արևապաշտպան ակնոցներ, լայնեզր գլխարկ, երկարաթև վերնաշապիկ և երկար տաբատ։

·      Արևապաշտպան քսուք քսեք մարմնի այն հատվածներին, որոնք չեն ծածկված հագուստով։ Քսեք այն կրկին յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ, ինչպես նաև քրտնելուց կամ լողալուց հետո։ Ընտրեք արևապաշտպան քսուք, որը՝

Ունի SPF 30 կամ ավելի բարձր։ SPF-ը ցույց է տալիս, թե որքանով է քսուքը պաշտպանում մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների երկու տեսակներից՝ «UVA» և «UVB»։ (Այս երկու տեսակներից պաշտպանող քսուքներն անվանվում են «լայն սպեկտրի»։)

Անցած չէ գործողության ժամկետը կամ այն արտադրվել է ոչ ավելի, քան 3 տարի առաջ։

·      Մի՛ այցելեք սոլյարիում։

Հիշեք, որ արևայրուք կարելի է ստանալ նույնիսկ ամպամած օրերին։ Արևայրուք կարելի է ստանալ նույնիսկ այն դեպքում, երբ երկար ժամանակ չեք գտնվում արևի տակ։ Հետևաբար, շատ կարևոր է սովորություն ձևավորել պաշտպանելու ինքներդ ձեզ, հատկապես եթե ձեր մաշկը հեշտությամբ այրվում է։

Ե՞րբ դիմել բժշկին

Դիմեք բժշկին, եթե՝ Երեխան ունի ուժեղ ցավ, տենդ, գիտակցության շփոթություն կամ մաշկի վրա առաջացել են պղպջակներ, հատկապես եթե առկա են վարակման նշաններ։ Ուժեղ գլխացավ, միզարտադրության նվազում կամ հաճախության անկում։ Արևայրուք ստացել է 1 տարեկանից փոքր երեխա։

Աղբյուրներ:

https://www.uptodate.com/contents/sunburn-the-basics…

https://www.cdc.gov/extreme-heat/signs-symptoms/?CDC_AAref_Val=https://www.cdc.gov/disasters/extremeheat/warning.html

https://emedicine.medscape.com/article/773203-overview

https://www.healthychildren.org/…/Pages/Sun-Safety.aspx

Skip to content