Այսօր հաստատ հայտնի է, որ արևային ճառագայթման ավելցուկը բացասաբար է անդրադառնում մաշկի վրա։ Այն կարող է հանգեցնել մաշկի վաղաժամ ծերացման (կնճիռներ, բծեր, առաձգականության և ամրության նվազում), ինչպես նաև չարորակ նորագոյացությունների (բազալյոմա, պլոկաթիթային կարցինոմա և մելանոմա) և նախաքաղցկեղային վիճակների (ակտինիկ կերատոզ)։
Ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթման ավելցուկը զգալիորեն բարձրացնում է մելանոմայի զարգացման ռիսկը։ Իսկ սոլյարիի հաճախումը կարելի է միանշանակ անվանել վնասակար զբաղմունք։
Մելանոման մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակն է ։
Ավելի հաճախ հիվանդանում են բաց մաշկ ունեցող մարդիկ, մոտավորապես 50 տարեկան հասակում, ինչպես նաև նրանք, ովքեր ունեն ռիսկի գործոններ՝ նախկինում ունեցած մելանոմայի դեպքեր իրենց մոտ կամ մոտ հարազատների մոտ, շատ (ավելի քան 40) խալեր, ատիպիկ նևուսների առկայություն (բացահայտվում է մաշկաբանի կողմից):Կարևոր է նշել, որ մելանոմայի դեպքերի մոտ քառորդը կապված չէ ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության հետ։ Մելանոմայի ձևավորման համար առավել բացասական ազդեցություն ունեն, թեև հազվադեպ, բայց ավելորդ ճառագայթումները, հատկապես՝ մաշկի այրվածքներով (կարմրություն, պղպջակներ) ուղեկցվող։
Միևնույն ժամանակ, արևի լույսն ունի առողջության վրա բացահայտ դրական ազդեցություններ։ Շենքերից դուրս գտնվելը, որպես կանոն, նշանակում է որոշակի շարժում և ակտիվություն։ Ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարգավորում է մաշկի իմունային համակարգի աշխատանքը։ Այս ազդեցությունն օգտագործվում է որպես արդյունավետ մեթոդ որոշ աուտոիմուն և իմունոկախյալ հիվանդությունների (վիտիլիգո, պսորիազ, էկզեմա) բուժման համար։ Բացի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, արևի սպեկտրում կան նաև այլ ճառագայթներ, (հիշում ենք արտահայտությունը՝ «Յուրաքանչյուր Որսորդ, Կամենում է իմանալ…»), որոնց ազդեցությունը կարգավորում է ցիրկադյան ռիթմը (քուն/արթուն մնալը) և տրամադրությունը՝ օգտագործելով նյութեր, ինչպիսիք են մելատոնինը և սերոտոնինը։ Օրինակ, հակադեպրեսանտների մեծ մասը գործում է հենց սերոտոնինի կարգավորման միջոցով։
Եթե այստեղ ճիշտ ժամանակն է հիշեցնել վիտամին Դ-ի մասին, ապա հենց այդպես էլ կանենք: Վիտամին Դ-ի բավարար քանակների առավելությունների մասին բավականին շատ է ասված, և մենք գիտենք, որ այն արտադրվում է մաշկում:
Ի՞նչ անել, որպեսզի այն ստանաք բնական ճանապարհով և չվնասեք ։ Ըստ Australian Skin and Skin Cancer Research Centre-ի առաջարկությունների, եթե ՈւՄ ինդեքսը (այն կարելի է գտնել եղանակի կանխատեսման մեջ) 3 և ավելի է, ապա բավարար է առավոտյան կամ կեսօրից հետո ձեռքերի և նախաբազուկների մաշկի վրա ընկնող լույսի մի քանի (մոտ 5) րոպե: Եթե ՈւՄ ինդեքսը 3-ից պակաս է, արևից պաշտպանությունը բոլորովին անհրաժեշտ չէ, և կարելի է գտնվել դրսում առանց սահմանափակումների:
Բացի այդ, կա տվյալ, որ վիտամին Դ-ն շարունակում է արտադրվել նույնիսկ արևապաշտպան միջոցների կիրառման և հագուստի տակ գտնվելու դեպքում:
Շվեդիայի հյուսիսային մասում (բաց մաշկ ունեցող բնակչություն) երկարատև դիտարկումների համաձայն՝ այն մարդիկ, ովքեր պաշտպանվում էին արևից և խուսափում էին ՈւՄ ճառագայթումից, ունեցան ավելի բարձր մահացության ռիսկ բոլոր պատճառներից, համեմատած նրանց հետ, ովքեր դա չէին անում: Հեղինակները հանգել են բավականին տպավորիչ եզրակացության՝ արևի ճառագայթման անբավարարությունը լուրջ ռիսկի գործոն է, որը համեմատելի է ծխելու հետ:
Ի՞նչ հետևություններ կարող ենք անել և ինչպիսի՞ առաջարկություններ տալ։
Ակնհայտ է, որ անհրաժեշտ է խուսափել արևի տակ երկար մնալուց (ՈւՄ ինդեքս՝ 3 և ավելի) առանց համապատասխան պաշտպանության։
Ակնհայտ է, որ պետք չէ ամբողջովին զրկել ինքներդ ձեզ արևոտ եղանակին դրսում գտնվելու հաճույքից։
Այն, թե որքան արև կարող եք թույլ տալ ձեզ, կախված է ձեր մաշկի ֆոտոտիպից, ռիսկի գործոններից և արևի ակտիվությունից։
1. Եթե ունեք բաց մաշկ, որը հեշտությամբ այրվում է և երբեք կամ գրեթե երբեք չի արևայրուքում։ SPF պարունակող միջոցը քսում ենք առավոտյան՝ մինչև ՈւՄ ինդեքսը կհասնի 3 կամ ավելի։ Երբ ՈւՄ ինդեքսը հասնում է 3-ի և ավելի՝
· Պաշտպանում ենք մաշկը հագուստով
· Օգտագործում ենք SPF 30-50+ լայն սպեկտորի միջոց և թարմացնում ամեն ժամ
· Կրում ենք գլխարկ
· Կրում ենք արևապաշտպան ակնոցներ
· փորձում ենք գտնվել ստվերում
Քննարկում ենք մեր բժշկի հետ վիտամին D ընդունման անհրաժեշտությունը։
2. Եթե ունեք մի փոքր մուգ կամ մուգ մաշկ, որը գրեթե երբեք չի այրվում և հեշտությամբ արևայրուք է ստանում: Գնահատում ենք մեր ռիսկի գործոնները՝ մելանոմայի կամ մաշկի այլ քաղցկեղների անձնական պատմություն, մելանոմայի պատմություն մոտ հարազատների մոտ, շատ խալերի (40 և ավելի) առկայություն, ատիպիկ նևուսների առկայություն, իմունոսուպրեսանտների ընդունում։ Եթե այս ցուցակից որևէ բան առկա է, գործում են 1-ին կետի առաջարկությունները։ Եթե ոչ՝ Օգտագործում ենք SPF 30-50 ամեն առավոտ ։Կարող ենք ավելի մեծ օգտակարությամբ, քան վնասով գտնվել արևի տակ մինչև 60 րոպե՝ ցածր ինդեքսի դեպքում (3-4) և մինչև 5 րոպե՝ առավելագույն ինդեքսի դեպքում (10 և ավելի)
3. Եթե ունեք մուգ դարչնագույն կամ սև մաշկ։ Ռուտինային արևապաշտպանությունը պարտադիր չէ։ SPF պարունակող միջոցը պետք է օգտագործել, եթե նախատեսում եք մնալ արևի տակ՝ ՈւՄ ինդեքսով 3 և ավելի, 2 ժամ և ավել։ Արևապաշտպան ակնոցներ խորհուրդ է տրվում կրել մշտապես։

Հեղինակի այլ հոդվածները

Սեբորեա կերատոմա․ ինչպես ճանաչել և երբ է անհրաժեշտ հեռացնել

Պապիլլոմա կամ Ակրոխորդոն. ինչպես ճանաչել և ինչ անել?

Մեծահասակների ակնե. պատճառներ, ախտանիշներ և բուժման մեթոդներ

Արևային ճառագայթման ռիսկերը և օգուտները. հնարավո՞ր է գտնել հավասարակշռություն

Մելանոմայի Համաշխարհային Օր
