Բազմամյա աշխատանքիս ընթացքում՝ որպես էնդոկրինոլոգ և բժշկական կազմակերպությունների ղեկավար, եկել եմ մի կարևոր եզրակացության.
քրոնիկական հիվանդություններ ունեցող պացիենտներին, հատկապես շաքարային դիաբետ և ավելորդ քաշ ունեցող անձանց, հաճախ բավարար չէ բժշկի մեկանգամյա խորհրդատվությունը։
Այս վիճակները պահանջում են ոչ միայն ճիշտ նշանակված բուժում, այլև հիվանդության խորքային ընկալում, նոր սովորությունների ձևավորում և պացիենտի ակտիվ մասնակցություն բուժման գործընթացին։ Քրոնիկական հիվանդությունը դառնում է մարդու առօրյա կյանքի մի մասը, ուստի որակյալ բժշկական օգնությունը պետք է ներառի ոչ միայն բուժումը, այլև կրթությունը, աջակցությունն ու շարունակական ուղեկցումը։
Հենց այդ պատճառով իմ մասնագիտական նպատակը դուրս է գալիս անհատական խորհրդատվությունների շրջանակներից։ Ես ձգտում եմ ստեղծել կրթական ծրագրեր և բժշկական ուղեկցման ժամանակակից մոդելներ, որոնք կօգնեն մարդկանց ավելի լավ հասկանալ իրենց հիվանդությունը, վստահորեն կառավարել այն և բարելավել իրենց կյանքի որակը։
Ես համոզված եմ, որ պացիենտը պետք է վերահսկի հիվանդությունը, այլ ոչ թե հիվանդությունը՝ պացիենտին։